ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գնում ենք դեպի հիանալի, օրինակելի, վայրասլաց անկում

Գնում ենք դեպի հիանալի, օրինակելի, վայրասլաց անկում
17.11.2026 | 15:01

Մարդկային հիմարությունը աշխարհում միակ ռեսուրսն է, որը երբեք չի սպառվում, որքան էլ որ այն սպառեն։ Դա հատկապես վառ է նկատվում այն պահերին, երբ պատվարժան հասարակությունը ձեռնամուխ է լինում իր համար առաջնորդ ընտրելուն։

Վերցնենք, օրինակ, փոքրիկ, բայց միանգամայն պատկառելի Լյուքսեմբուրգը։ Այնտեղի բնակիչները լիովին կարող են իրենց թույլ տալ կյանքի նկատմամբ ամենաոչավանդական հայացքներով վարչապետ ունենալ։ Բայց չէ՞ որ նրանք պահեստում ունեն իսկական Մեծ Դուքս՝ օրինակելի, ավանդական ընտանիքով ու ամուր ձեռքով մի մարդ, որը թույլ չի տա, որ կառքը գլորվի առվի մեջ։ Երբ թիկունքումդ կանգնած է տան այդպիսի հիմնավոր տեր, պալատում կարելի է թեկուզ մի տասնյակ ծաղրածու պահել՝ բնապատկերն ու աշխարհիկ զրույցները աշխուժացնելու համար։

Բայց ասացեք խնդրեմ, ինչպե՞ս մենք կարողացանք վարչապետի աթոռին նստեցնել մի իսկական կապիկի։

Ես երկար խորհեցի բնության այս հանելուկի շուրջ և եկա այն եզրակացության, որ այդ ճակատագրական օրը մեր տեղական քաղաքական գազանանոցում պարզապես ոչ մի կարգին գազան չէր մնացել։ Հպարտ արծիվներն ու կատաղի վագրերը, ըստ ամենայնի, մեկնել էին տաք երկրներ՝ իրենց վաստակած արձակուրդը վայելելու։ Ծանրաքաշ փիղն ու էշը շտապ գործուղման էին մեկնել օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներ, իրենց անդրօվկիանոսյան գործերը կարգավորելու։ Դյուրահավատ քաղաքացիները նայեցին շուրջբոլորը՝ դատարկություն է։ Միայն վանդակի հեռավոր անկյունում ամբողջ ուժով ջանք էր թափում կապիկը. նա հուսահատ ծեծում էր կուրծքը, գլուխկոնծի էր տալիս, հանրությանը ծիծաղելի ծամածռություններ անում և այնպիսի խելահեղ եռանդով ցնցում վանդակի ճաղերը, որ բուռն պետական գործունեության կատարյալ տպավորություն էր ստեղծվում։ Դե այդպիսի տաղանդը հո իզուր չի՞ կորչելու։ Եվ ահա պատվարժան հասարակությունը մեծ շուքով ու կասկածելի պատվով նրա գլխին դրեց «կապիտանի» գլխարկը։

Եվ ահա հիմա «Արմենիա» հպարտ անունը կրող մեր փառապանծ օդանավը մեզ սլացնում է ամպերի միջով՝ ճիշտ է, ուղիղ դեպի վար։ Մենք գնում ենք դեպի հիանալի, օրինակելի վայրասլաց անկում։ Իսկ առջևում՝ ամենագլխավոր խցիկում, մազոտ թաթերով ղեկին կառչած ու ուրախ ատամները բացած նստած է հենց այդ կապիկը, որին բարեսիրտ ու միամիտ ուղևորները հանդիսավորությամբ հանձնել են իրենց թանկագին կյանքերը։

Սրահում, բնականաբար, տիրում է թեթև տարակուսանք, որն աստիճանաբար վերածվում է աշխույժ բանավեճի՝ «Էլ քանի՞ րոպե է մնացել մեր պահեստում» թեմայով։ Եվ այստեղ բացահայտվում է մի խիստ տհաճ հանգամանք. ընկնող աերոպլան կառավարելը ձեզ համար, ավա՜ղ, շախմատ խաղալ չէ։ Այստեղ չես կարող քաղաքավարի խնդրել նորից քայլ անել՝ պատճառաբանելով, թե պատահաբար թևքով կպար խաղաքարին, կամ տախտակը շպրտել հատակին, երբ գործը հասնում է վատ ավարտի։

Ինչևէ, ճշմարտությունը, ինչպես միշտ, պարզ է մինչև անպարկեշտություն և գիտական տրակտատների կարիք չունի. եթե դուք սթափ մտքով ու պայծառ հիշողությամբ տոմս եք գնում մի ինքնաթիռի համար, որտեղ ղեկին կապիկ է նստած, ապա այդ օդանավում ձեզ վերապահված է երկու դերերից մեկը՝ կա՛մ դուք ինքներդ եք նույնպիսի դիպլոմավորված օդաչու, կա՛մ պարզապես հազվագյուտ տեսակի ինքնասպան։

Իսկ այդ ընթացքում պատուհաններից երևացող երկիրն ավելի ու ավելի է մեծանում՝ սիրալիր բացելով մեզ իր գիրկը։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ